Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Երգի ասպարեզում հենց ոչ պրոֆեսիոնալներն են դրության տերը` իրենց միօրինակ երգերով»

«Երգի ասպարեզում հենց  ոչ պրոֆեսիոնալներն են  դրության տերը`  իրենց միօրինակ երգերով»
29.03.2013 | 13:31

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ բանաստեղծական, թարգմանական, երգիծական 18 գրքերի հեղինակ է: Շուրջ 200 երգ է ծնվել Լևոն Բլբուլյանի խոսքերով: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին նա զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում, իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել է «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» ալբոմները: 2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի` «Լիլիթի» պրեմիերան: Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով:
Պրն. ԲԼԲՈՒԼՅԱՆԸ Համահայկական գրական հիմնադրամի տնօրենն է:

-Պարոն Բլբուլյան, վերջերս Մոսկվայում մասնակցել եք Գրողների միությունների միջազգային ընկերակցության 8-րդ համագումարին: Հետաքրքիր է, ի՞նչ հարցեր էին բարձրացնում տարբեր երկրների գրողները: Արդյո՞ք նույնն են խնդիրները, մտահոգությունները:
-Պարզվեց, հիմնականում նույնն են, և դրանք արտահայտվեցին թե՛ համագումարում հնչած ելույթներում, թե՛ տարբեր գրողների հետ իմ ունեցած մասնավոր զրույցներում: Իսկ համաժողովին մասնակցում էին նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանի երկրներից ժամանած 67 պատվիրակներ: Մի ընդհանուր մղումով ու ցանկությամբ էին համակված բոլորը` հարկավոր է վերականգնել, ամրապնդել հասարակական, անձնական, մասնագիտական այն կապերը, որ գոյություն ունեին նախկինում ու մեծապես նպաստում էին ազգային գրականությունների զարգացմանը, փոխհարստացմանն ու տարածմանը:
Գեղարվեստական խոսքի ուժի, գրողի կոչման ու առաքելության հանդեպ ամբողջ աշխարհում է փոխվել վերաբերմունքը ու, ցավոք, բացասական առումով: Եվ համագումարն անցավ այն նշանաբանով, որ հարկավոր է լինել միասին, փոխադարձաբար թարգմանել միմյանց, հասնել այն բանին, որ տարբեր երկրների գրողների խոսքը, որքան հնարավոր է, լայնորեն հնչի, գրականությունը վերականգնի իր երբեմնի կշիռն ու հեղինակությունը: Գեղեցիկ, հեռանկարային շատ ծրագրերի մասին խոսվեց նիստերի ժամանակ, ու դրանք իրականացնելու ցանկություն ու վճռականություն տեսա և՛ կազմակերպության ղեկավարության, և՛ պատվիրակների մեջ: Ի դեպ, ես ընտրվեցի ընկերակցության նախագահության կազմում և, հուսով եմ, դա հնարավորություն կտա, որ այդ ծրագրերի իրականացումը օգտակար լինի նաև հայ գրողներիս համար:
-Ընթերցանության պակասի մասին վերջին ժամանակներս քիչ է խոսվում, կարծես: Դուք մեզանում գրական աշխուժություն, գրքի նկատմամբ հետաքրքրության ավելացում, գրողի դերի բարձրացում նկատո՞ւմ եք:
-Աշխուժացում` ոչ, բայց ինչ-ինչ դրական միտումներ նկատվում են, կարծես: Տա Աստված, որ դրանք, ի վերջո, իսկական աշխուժացման հանգեցնեն: Իսկ որ ընթերցողը կտրվել է գրքից, որ հատկապես երիտասարդները (և ոչ միայն նրանք) այսօր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում են համացանցում, դա տխուր ու, ինչ-որ տեղ, տագնապալի իրողություն է: Իհարկե, նրանց մի մասը նույն այդ համացանցում նաև ընթերցող է, հետաքրքրվում է նաև գրականությամբ, գրական տարբեր կայքեր ու բլոգներ այցելում, բայց այդ ընթերցանությունը, իմ խորին համոզմամբ, մի տեսակ մակերեսային, թռուցիկ բնույթ է կրում և, օգտակար լինելով հանդերձ, չի կարող տալ հոգևոր-մտավոր այն հարստությունը, որ ունակ է փոխանցելու իսկական ընթերցանությունը, երբ տվյալ գիրքը տևական ժամանակ քո մտերիմը, քո կարևոր մի մասնիկն է դառնում: Այնպես որ, ընթերցանության պակասի մասին էլի պիտի խոսվի, բայց ոչ միայն խոսվի: Հարկավոր է ըստ ամենայնի նպաստել դրան:
-Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են նպաստել:
-Նպաստել մեծապես կարող են մամուլն ու հեռուստատեսությունը (դպրոցի, ընտանիքի մասին չխոսեմ, դա ինքնին հասկանալի է): Ես գրեթե համոզված եմ, եթե մեր թերթերն ու ամսագրերը նույն հետաքրքրությունը դրսևորեն գրականության ու արվեստի հանդեպ, ինչպես խորհրդային տարիներին էր, եթե մեր տասնյակից անցնող հեռուստաալիքներով շաբաթական գոնե մեկ անգամ գրական հաղորդումներ հեռարձակվեն (խոսվի նոր լույս տեսած գրքերի մասին, ներկայացվեն ժամանակակից գրողները, հնչեն և ընթերցողական կարծիք-գնահատականներ), մեկ-երկու տարում պատկերը նկատելիորեն կփոխվի, ու մեր պատանիներն ու աղջիկները չեն երազի միայն երգիչ կամ բիզնեսմեն դառնալու մասին։ Մի՞թե կարելի է նորմալ համարել, որ նույնիսկ Հանրային հեռուստատեսության եթերում գրական որևէ հաղորդում չկա, ընդհանրապես պոեզիա չի հնչում: Էլ չեմ խոսում մյուսների մասին (մեկ-երկու հաճելի բացառությունը դրությունը չի փրկում): Նկատե՞լ եք, որ մամուլն ու հեռուստատեսությունը, սովորաբար, գրողներին, գրողների միության գործունեությանն անդրադառնում են միայն «սկանդալային» ինչ-ինչ դեպքերի առիթով, այն էլ` հիմնականում ըստ ստահոդ լուրերի, մեկ-երկու զրպարտչի բարձրացրած աղմուկի։ Հետո զարմանում ենք (ոմանք էլ, չգիտես ինչու, հրճվանքով չարախնդում են), որ փողոցում լրագրողական հարցումներ անցկացնելիս, երբ խոսվում է ժամանակակից գրականության մասին, տարօրինակ պատասխաններ են հնչում: Հետո էլ դժգոհում ենք, որ մեր երիտասարդությունը սարսափելի հայերենով է խոսում, օր օրի աղավաղվում-աղճատվում է մեր մայրենին։
-Ձեր պոեզիան շատերին հասնում է նաև երգի տեսքով: Երաժշտությունը լրացնո՞ւմ է, թե՞ հակառակը, կարող է խանգարել` լսելու պոեզիայի ձայնը: Չէ՞ որ պոեզիան էլ ռիթմ ու ներքին երաժշտություն ունի:
-Անկասկած, իսկական բանաստեղծությունն իր ռիթմն ու ներքին երաժշտությունն ունի: Իսկ իսկական երգահանի խնդիրն է հայտնաբերել, վերհանել տողերի մեջ ապրող, հաճախ խորքում թաքնված այդ երաժշտությունը, դրան գումարել-խառնել այն զգացումներն ու թրթիռները, որ բանաստեղծությունն է հարուցում իր մեջ: Եվ եթե լինում է հենց այդպես, դրանից պոեզիան միայն շահում է, տողերը նոր տարողություն են ձեռք բերում, աճում է ներգործության ուժը: Այսինքն, ծնվում է այն սպասված երգ-թռչունը, որի երկու թևերը` խոսքն ու մեղեդին, գործում են հրաշալի ներդաշնակությամբ։
Իմ բախտը բերել է, ես համագործակցել եմ այնպիսի կոմպոզիտորների հետ, ովքեր հենց այդ սկզբունքով են երգեր ստեղծում, որոնց վերուստ տրված է այդ հրաշալի շնորհը (Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Սասուն Պասկևիչյան…): Ասեմ, որ պատահում է, երբ ես էլ իմ հերթին «թարգմանում», համապատասխան խոսքեր եմ գտնում նրանց արդեն պատրաստի մեղեդիների համար, ու որքան էլ դա անելը ավելի դժվար է, երբ երաժշտությունը խոսում է հոգուդ հետ, աշխատում ես հաճույքով։
Իսկ խանգարել պոեզիային երաժշտությունը կարող է միայն այն դեպքում (ինչպես և խոսքերը` երաժշտությանը), եթե սարքովի է ու բռնազբոսիկ, եթե այնպիսի մարդու «ձեռք է ընկել», ով զոռով ինչ-որ անհամապատասխան ռիթմեր, հնչյունախաղեր է «հագցրել» բառերին: Ցավոք, մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք նման ճակատագրի արժանացած երգերի հանդիպում:
-Ես պատրաստվում էի հենց այդ թեմային անդրադառնալու: Այո, այսօր ստեղծվող երգերի մեծ մասը նույն ընդհանուր հատկանիշներն ունի` պարզունակ, անսեռ երաժշտություն, գումարած ոչինչ չասող խոսքեր: Արդյունքում ունենում ենք հիթ, որքան պարզունակ, այնքան շատ լսելի: Ի՞նչ է սա, նո՞ր խնդիր է, թե՞ միշտ էլ եղել է, ուղղակի այսօր ավելի մասսայական բնույթ է կրում:
-Այդ խնդիրը, իհարկե, առաջ էլ կար. հասարակության մի որոշ մասին դուր էին գալիս (ու այսօր էլ դուր են գալիս) նման «պարզունակ ու անսեռ» երգերը, ու քանի որ պահանջարկ կար, ծնվում ու տարածվում էին: Բայց որ նման մասսայական բնույթ կրեին, անարգել թափանցեին ռադիոհեռուստաեթե՞ր… Չէ, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր կարող անցնել, որ կարող է այսպիսի մի ժամանակ գալ: Գոյություն ուներ գեղարվեստական խորհուրդ, որը որոշակի չափանիշներ էր ապահովում, ու նման անհեթեթ, երբեմն պարզապես անգրագետ տեքստերով, արաբա-թուրքական ելևէջներով երգերը չէին կարող եթեր սպրդել, ո՜ւր մնաց իշխող դիրք գրավեին։ Այսօր վիճակը պարզապես աղետալի է: Ես այս թեմայով մամուլում ու հեռուստատեսությամբ հաճախ եմ արտահայտվել (և ոչ միայն ես), բայց ի՞նչ օգուտ: Արդեն ակնհայտ է, որ եթե այս խնդրի հանդեպ պետական մոտեցում չցուցաբերվի, ինչպես ասում են, բանը բանից կանցնի (եթե արդեն չի անցել), ու մեր երեխաներն ու թոռները շուտով երևի պարզապես ունակ չեն լինի գեղեցիկ, խոր, ճաշակավոր երաժշտություն լսելու, ինչպես մի անգամ մաեստրո Կոնստանտին Օրբելյանն ասաց, «տաշի-տուշիից» այն կողմ անցնել չեն կարող:
-Իսկ ի՞նչ կարելի է անել` Ձեր կարծիքով:
-Մի ասույթ, որի հեղինակը, կարծեմ, Վիկտոր Հյուգոն է, շատ եմ սիրում. «Ցանկանալ նշանակում է կարողանալ»: Եթե համապատասխան ատյանների, ոլորտի պատասխանատու մարդկանց մտքին լինի, այստեղ էլ դրական տեղաշարժերը չեն ուշանա: Իմ խորին համոզմամբ, վաղուց հասունացել է նախկին գեղխորհուրդների տիպի կառույց ստեղծելու ժամանակը: Եթե մի շարք երգեր (թեկուզև` արդեն տեսահոլովակի վերածված) խոտանվեն, ասենք, անճաշակ, անիմաստ տեքստի ու նաև այլ լուրջ թերությունների համար, գուցե մեր երգիչ-երգչուհիները ևս սթափվեն, ո՛չ իրենք փորձեն գրել իրենց երգերն ու տեքստերը, մի կերպ ինչ-որ բառեր կցմցելով, հարմարեցնելով երաժշտությանը, ո՛չ էլ իրենց գրասեր-երաժշտասեր ընկեր-ընկերուհիներին կամ քույր ու եղբորը վստահեն նման պատասխանատու գործը: Կփնտրեն, կգտնեն այդ գործի գիտակ և ունակ մարդկանց: Ես վստահ եմ, եթե պատահական ընտրությամբ երգեր վերցնեք, ասենք, հանրային ռադիոյի ձայնադարանում պահվող հարյուրավոր երգերից ոչ մեկի մեջ լեզվական աղավաղումների, ասելիքի անորոշության կամ անհեթեթության չեք հանդիպի, որովհետև դրանց ճանապարհ է տվել լուրջ ու պատասխանատու մարդկանցից բաղկացած գեղխորհուրդը:
Ասում են` հեռուստաալիքները մասնավոր են, պետությունն իրավունք չունի միջամտելու դրանց գործունեությանը: Բայց ցանկության դեպքում կկարողանա, հենց թեկուզ հեռուստատեսության մասին օրենքում ինչ-ինչ փոփոխություններ մտցնելով հասնել այն բանին, որ անհրաժեշտ խստապահանջություն ապահովվի, որ բոլոր ալիքներով գրական-մշակութային հաղորդումներ լինեն: Ի դեպ, այս տեսակետից չեմ կարող դրական առումով չառանձնացնել «Երկիր մեդիա» և «Ար» հեռուստաընկերությունների կողմնորոշումը։
-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականացված պոեզիային: Եվ հակառակը, համատարած քաղաքական աղմուկի մեջ քնարական, մաքուր պոեզիայի ձայնը լսելի՞ է:
-Անկեղծ ասած, քաղաքականացված ամեն ինչի հանդեպ տհաճություն եմ զգում, տանել չեմ կարողանում, երբ մարդիկ առավոտից երեկո քաղաքականությունից են խոսում, իսկ համացանցում բնակություն են հաստատել մեկը մյուսից «իմաստուն» այնքան «քաղաքագետներ», մեծ մասը, իհարկե, միանգամայն «վերին ու վերջնական ճշմարտություններ ասող, անսխալական մարգարեներ»։ ՈՒ ինչպիսի՜ թշնամանքով, ի՜նչ կրքով են արտահայտվում իրենցից տարբեր կարծիք ու տեսակետ ունեցողների հանդեպ: Մարդ մնում է ապշած, ասես պատրաստ են իրար ոչնչացնելու ոչ միայն խոսքով (անշուշտ, ասածս սթափ, հավասարակշռված, իրոք երկրի ու ժողովրդի համար սրտացավ, իրենց կարծիքները երբեք ուրիշների վզին չփաթաթող մարդկանց չի վերաբերում):
Կասեք` դա լավ օրից չի գալիս, կյանքը, իրականությունն են մարդկանց այդպիսին դարձրել: Բայց ես կարծում եմ, որ մենք այս օրին ենք հասել մեծապես հենց այն պատճառով, որ իրար լսել, ըմբռնել, որևէ խնդրի շուրջ փոխհամաձայնության գալ չգիտենք, դեռ դիմացինը խոսքը չավարտած, մտքում արդեն ասում ենք` ընդհակառակը: ՈՒ, որքան էլ ցավալի է, ասես նաև այսօրվա համար են հնչում մեծն Թումանյանի խոսքերը. «Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը»: Իսկ քաղաքականություն կոչվածը, ըստ իս, ավելի ընդգծում է այդ ամենը, մարդկանց ու մարդկանց խմբերի լարում միմյանց դեմ, որքան էլ անվերջ միասնությունից խոսեն բոլորը։
Հասկանալի է, ուրեմն, որ քաղաքականացված պոեզիային լավ վերաբերվել չեմ կարող: Բայց այն քաղաքացիականի հետ չնույնացնենք: Շատ կարևոր Է, երբ կյանքի, իրականության ազդակներով, թեկուզ ինչ-ինչ իրադարձությունների տպավորության տակ ինքնաբուխ տողեր են ծնվում` գեղեցիկ, տպավորիչ խոսքով արտահայտելով հեղինակի քաղաքացիական դիրքորոշումը, նրա բողոքն ու ընդվզումը, տագնապներն ու անհանգստությունը։ Նման խոսքի կարիքը կա, անկասկած, ու մեր պոետները ստեղծում են այդ բնույթի գործեր: Ես էլ եմ գրել: Ասեմ, սակայն, որ դեմ եմ ժամանակ առ ժամանակ լուրջ մեղադրանքով հնչող այն կարծիքին, թե գրողն ու արվեստագետը պիտի անպայման խառնվեն քաղաքականությանը, հայտնվեն միտինգներում, ընդգծված ընդդիմադիրի կեցվածք դրսևորեն և այլն: Ոչ, արվեստագետը իր գործով պիտի զբաղվի, նախ իր ստեղծագործությամբ ասի իր այո-ն ու ոչ-ը, արտահայտի իր սկզբունքները։ ՈՒրիշ բան, որ որոշ գրողներ ու արվեստագետներ տեսակով, խառնվածքով գործիչ են նաև ու պարզապես չեն կարող պարփակվել լոկ իրենց ստեղծագործական դաշտում: Մի՞թե կարող էինք Հրանտ Մաթևոսյանից Սիլվա Կապուտիկյանի քաղաքացիական ջիղն ու հասարակական ակտիվությունը պահանջել: Իհարկե, ոչ: Բայց դրանից նրա գրի արժեքը, ստեղծագործական վաստակը մազաչափ իսկ չի պակասել:
Եվ, այնուամենայնիվ, ես ավելի սիրում ու մնայուն եմ համարում Ձեր ասած «քնարական, մաքուր» պոեզիան, որի ձայնը մեր այս խառնակ օրերի մեջ իսկապես լավ չի լսվում: Ցավով նկատել եմ, որ անգամ երիտասարդները գրեթե սիրային բանաստեղծություններ չեն գրում: Բայց վստահ եմ, որ նորից գալու է դրա ժամանակը։ Ես նույնիսկ այսպիսի մի բանաստեղծություն ունեմ.

Քոնը ե՛րգն է, սե՛րն է քոնը,
Հավերժական ու մշտակա,
Խոհերիդ հին ու նոր հունը,
Զրույցները քո հեռակա:

Իսկ ժխորն այս կանցնի մի օր,
Ճառ ու գոչյուն կցամաքեն,
ՈՒ բյուր սրտեր հին կարոտով
Կփնտրեն նույն խոսքերն անքեն:

Անուշ մի քաղց կզգան նորից
Հոգիները պաղ ու սովյալ`
Փրկված հոգսի կապանքներից,
Նյութի բեռից այս նզովյալ:

ՈՒ մի դողով երանելի`
Երգերի դեմ կբացվեն դեռ
Ցավից գոցված դռներ անթիվ,
Անսեր մթնած պատուհաններ:
Չեմ կասկածում, կգա այն օրը, երբ մենք կապրենք մեր երազած Հայաստանում ու ճշմարիտ երգի, գեղեցիկի, բարու առաջ կբացվեն «ցավից գոցված դռները»:
-Պարոն Բլբուլյան, կա՞ արդյոք Ձեր խոսքերով գրված նոր, դեռ չհնչած երգ, որի մասին ընթերցողը գուցե առաջինը մեր այս զրույցից տեղեկանա:
-Իհարկե կա, և ոչ մեկը: Միայն թե, որպեսզի այդ երգերը հասնեն ունկնդրին, որոշակի ճանապարհ պիտի անցնեն` գործիքավորում, ձայնագրություն, տեսահոլովակի նկարահանում, ինչ լուրջ ծախսեր է պահանջում: Իսկ հեղինակները միշտ չէ, որ շտապում են դրա համար գումար ներդնել, որովհետև լավ գիտեն, որ հետո այն հետ բերել չեն կարողանա (հայտնի բան է, որ հեղինակային իրավունքների պահպանումը մեզանում դեռս պատշաճ մակարդակի վրա չէ): Օրինակ, իմ «Բարի գիշեր» քնարական բանաստեղծությունը շատ գեղեցիկ մի երգ է դարձրել Սասուն Պասկևիչյանը: Երկուսս էլ ոգևորված էինք, բայց երգը դեռ «տեղից չի շարժվում»: Պատճառներից մեկն էլ, իհարկե, այն է, որ մեր երգիչ-երգչուհիները, ասես, հետ են վարժվել մեղեդային, հուզական, խորունկ երգեր կատարելուց. նրանք այնպիսի երգեր են փնտրում (հիմնականում այդ չարաբաստիկ 6-8-ով գրված «տաշի-տուշիներ»), որ դրանք փող բերեն: Նույն պատճառով դեռ ասպարեզ չի մտնում «Լուսե կամուրջը», դարձյալ շատ խորունկ մի երգ, որ գրել ենք Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Վերջերս հաճելի առիթ ունեցա համագործակցելու նաև Տիգրան Մանսուրյանի հետ, ծնվեց մանկապատանեկան «Գարնան գրկում» երգը, որը, իմ կարծիքով, մեծերն էլ հաճույքով կլսեն: Էլ չեմ խոսում քրոջս` Ժաննա Բլբուլյանի հետ գրած երգերիս մասին, որոնց թիվն ավելի շատ է:
-Դժվար չէ ենթադրել, որ միայն Դուք չեք նման խնդրի առջև կանգնած:
-Իհարկե: Մի առիթով խոսել եմ այս մասին, բայց ուզում եմ կրկնել առաջարկս. ինչո՞ւ չի կարելի ամեն տարի պետբյուջեից որոշակի գումար տրամադրել մեր լավագույն կոմպոզիտորների արժեքավոր երգերը ձայնագրել-տեսագրելու համար, ինչպես մշակույթի նախարարությունն է պետպատվերով գրքեր տպագրում` վստահ, որ դրանք ինչ-որ գրամոլների սիրողական գրչափորձեր չեն: Իսկ, ահա, երգի ասպարեզում հենց ոչ պրոֆեսիոնալներն են դրության տերը` իրենց միօրինակ երգերով: Ամեն տարի գոնե մի քանի ճաշակավոր, գեղագիտական չափանիշներ ապահովող երգ հանելով ասպարեզ, ինչպես հարկն է ունկնդրին հասցնելով, կարելի է, եթե ոչ դուրս մղել, ապա գոնե աստիճանաբար պակասեցնել աղետալի չափերի հասած երաժշտական խոտանը, նոր սերնդի մեջ նորմալ ճաշակ ձևավորել:
Եվ այնուամենայնիվ, ասեմ, որ ես նորություն, կարծես թե, կունենամ. Աննա Խաչատրյանի հետ, ում ես մեր լավագույն երգչուհիներից մեկն եմ համարում, պայմանավորվածություն ունենք ձայնագրելու իմ և Ժաննայի «Չեմ մոռանա» երգը: Քանի որ գործիքավորումն արդեն կա, կարծում եմ` խոստումս խոստում չի մնա, ու նրանք, ովքեր սիրում են մեր երգերը, շուտով հաճելի նվեր կստանան: Իսկ ամենակարևոր նորությունն այն է, որ քրոջս հետ ստեղծել ենք մեր ծննդավայրի` Քյավառի հիմնը: Երգը ջերմ հավանության է արժանացել, ընդունվել քաղաքապետարանի կողմից, արդեն ձայնագրվել է սիրված երգիչ Արսեն Գրիգորյանի (Ասոյի) փայլուն կատարմամբ, շուտով նաև գեղեցիկ մի տեսահոլովակ կնկարահանվի: Ընկեր-բարեկամներիս շրջանում երգն արդեն շատ սիրված է, այնպես որ, հուսով եմ` այն կսիրեն ոչ միայն իմ հայրենակիցները:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ